Մայրամուտ
Սարն առել վրան ծիրանի մի քող, Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:
Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:
Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ,հողագունդ,քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:
Հարցեր և առաջադրանքներ
1.Դուրս գրիր բանաստեղծական գեղեցիկ պատկերները:
Սարն առել վրան ծիրանի մի քող, Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:
2.Օրվա ո՞ր պահն ես ավելի շատ սիրում: Պատմիր այդ մասին:
Ես սիրում եմ օրվա բոլոր պահերը, քանի որ ամեն պահ իր գեղեցկությունն ունի։Շատ եմ սիրում երեկոները, մայրամուտը,նաև աստղազարդ երկինքը։
2. Ժայռից մասուր է կաթում
Կարմիր սարսուռ է կաթում, Ձորում մշուշ է: Առուն մասուր է տանում, Կարմիր սարսուռ է տանում, Ինչ էլ աշխույժ է: Առուն բարի է այնպես, Հասկանալի է այնպես, Այնպես անուշ է: Նա երկնչում է քարից, Բայց երբ թռչում է քարից, Ահռելի ուժ է: Առուն ինչպես կլռի, Սերս եկել է ջրի, Ձեռքինը կուժ է: Առուն մասուր է տանում, Կարմիր սարսուռ է տանում, Աշուն է, ուշ է:
Հարցեր և առաջադրանքներ՝
1.Դուրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:
Երկնչել-վախենալ, երկյուղ կրել
2.Բնության ո՞ր երևույթն է իբրև անձ ներկայացված (անձնավորված):
Առուն
3.Բացատրիր տրված փոխաբերությունը /ոչ ուղղակի իմաստով գործածված արտահայտությունը/՝ Ժայռից մասուր է կաթում…
Ժայռի վրա մասուր է աճում:
4.Փորձիր գտնել փոխաբերական իմաստով գործածված արտահայտությունները:
Առուն մասուր է տանում,Կարմիր սարսուռ է տանում,
5.Փորձիր համացանցի օգնությամբ պարզել` որոնք են պատկերավորման միջոցները:
- Մակդիր
- Համեմատություն
- Փոխաբերություն
- Չափազանցություն
- Նվազաբերություն
3. Ամպրոպից հետո
Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Ամպրոպից հետո,
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի…
Հարցեր և առաջադրանքներ՝
1.Գրավոր պատմի՛ր բանաստեղծությունը:
Ամպրոպից հետո երկինքն ավելի կապույտ է լինում, խոտերն ավելի կանաչ են լինում: Ճերմակ շուշանը ավելի ճերմակ է լինում, իսկ կակաչն՝ ավելի կարմիր, մեղրածաղիկն՝ ավելի դեղին։ Ամպրոպից հետո սարերն ավելի բարձր են երևում, ձորերն ավելի խոր են երևում, իսկ տափաստաններն՝ ավելի արձակ։ Ծառերն ավելի խոնարհ են լինում, հավքերն էլ մեր գլխավերևում իրար կանչում են ավելի սրտով: Ամպրոպից հետո արևն ավելի բարի է լինում, և մենք ավելի սիրով ենք իրար բարի լույս ասում։ Ամպրոպից հետո աշխարհը և դու ավելի հասկանալի եք լինում:
2.Բանաստեղծության միջից դուրս գրիր հերոսներին իրենց բնութագրող բառերի հետ. օրինակ՝ կապույտ երկինք…
Կանաչ խոտ, ճերմակ շուշան, կարմիր կակաչ, դեղին մեղրածաղիկ, բարձր սարեր, խորը ձորեր, արձակ տափաստաններ, խոնարհ ծառեր, կանչող հավքեր, բարի արև։
3.Ո՞ր բառերն ու բառակապակցություններն են կրկնվում: Դրանք ի՞նչ են տալիս բանաստեղծությանը:
Կրկնվում են ամպրոպից հետո բառակապակցությունը և ավելի բառը: Դրանցով մենք հասկանում ենք ամպրոպից հետո ինչ է լինում, իսկ ավելի բառն ավելի է ընդգծում կատարվող գործողությունները:
4.Ո՞ր տողերում է խտացված հեղինակի հիմնական ասելիքը՝ ստեղծագործության հիմնական գաղափարը:
Ամպրոպից հետո աշխարհը և դու Հասկանալի եք լինում ավելի…
5.Ո՞րն է այս բանաստեղծության փոխաբերական իմաստը:
Յուրաքանչյուր ամպրոպից կամ դժվարությունից հետո միշտ մի նոր լույս է բացվում, նոր հույս: